Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ընդգծված» մարդիկ ունենք»

«Ընդգծված» մարդիկ ունենք»
10.06.2016 | 01:04

Գյումրու քաղաքապետի ընտրություններին բան չմնաց, բայց իշխող կուսակցությունն իր թեկնածուի առնչությամբ ձեն-ձուն չի հանում: Հստակ չէ, թե ով կգլխավորի ՀՀԿ-ի ցուցակը և, ընդհանրապես, ապագա քաղաքապետը ՀՀԿ-ակա՞ն կլինի, թե՞ պարզապես «հանրապետականացված»: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության անդամ, գյումրեցի ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ:


-Եթե հաշվի առնենք, որ ամառը քաղաքական պասիվ շրջան է, Գյումրիում աշնանը կայանալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, մինչդեռ ՀՀԿ-ն չունի ընդգծված թեկնածու: Ինչպե՞ս է ստացվում, որ իշխող կուսակցությունը հանրապետության երկրորդ քաղաքում, այսպես ասած, լիդեր չունի:
-Իհարկե, «ընդգծված» մարդիկ ունենք: Քանի որ որևէ ձևաչափով այս առնչությամբ քննարկումներ չեն եղել, ցանկալի չէ թեկնածուների մասին բարձրաձայնել:
-Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն միտումնավոր չի թեժացնում ընտրական գործընթացը, մինչև հասկանա` «ումով» ու ինչպես է գնում ընտրությունների:
-Ոչ մի միտում չկա, դեռ ժամանակ ունենք: Իսկապես ժամանակից շուտ մեկնարկելը ճիշտ չէ: Մթնոլորտը թեժացնելու կարիք չկա, քանի որ ամեն ինչ պետք է ընթանա օրենքով ու ժամանակացույցով:
-Դուք, որպես գյումրեցի պատգամավոր, նախընտրում եք, որ ՀՀԿ-ն իր թեկնածուո՞վ գնա ընտրության, թե՞ ցուցակը գլխավորի ոչ կուսակցական անձ:
-Անձամբ ես ցանկանում եմ, որ այս անգամ Գյումրիում անհատների ընտրություն չլինի: Անկախ նրանից՝ ով կլինի քաղաքապետ, պիտի կարողանանք համախմբվել և լուծել տեղի խնդիրները: Ընտրությունների ժամանակ թշնամական մթնոլորտը տարբեր բևեռներ է ձևավորում, որոնք խոչընդոտում են խնդիրների լուծմանը: Քաղաքապետը և պատգամավորները պետք է համախմբված կարողանան հանրությանը հուզող հարցերին լուծում տալ: Այս տեսանկյունից ինձ համար կարևոր է ընդհանուր խնդիրների լուծումը ճիշտ ճանապարհով տանելը:
-Ի՞նչ եք կարծում, ըմբոստ գյումրեցիներին կգոհացնի՞ ընտրությունների «անուղղակի» կարգը, երբ չկա հստակ պատասխանատու, ումից հաշվետվություն կպահանջեն արածի ու չարածի համար:
-Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ երբ քաղաքում մեկ պատասխանատու է լինում, քաղաքում թշնամական տրամադրություններ են հայտնվում: Ավելին, պատասխանատվության մեխանիզմն էլ չգործեց: Այսինքն, եթե քաղաքապետը վատ է աշխատում, ուրեմն մեղավորն իշխանությունն է: Տվյալ պարագայում ճիշտ է, որ քաղաքական թիմ լինի, որից էլ ժողովուրդը հստակ պատասխանատվություն կպահանջի:
-Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ի ցուցակը կարող է գլխավորել գործող քաղաքապետը: ՀՀԿ-ի վիճակն այդքան ծա՞նր է, որ գործը հասել է Սամվել Բալասանյանին:
-Չեմ ուզում որևէ անձի գնահատական տալ, հետո էլ՝ ՀՀԿ-ում ոչ մի քննարկում չի եղել, որպեսզի հստակ անուններ նշեմ: Եղել են ընդամենը կուսակցության մարզային քննարկումներ, բայց կոնկրետ որոշումների չենք հանգել:
-Փաստորեն, Գյումրու հարցում ՀՀԿ-ն չի կողմնորոշվում:
-Կողմնորոշվելու խնդիր չկա, ընդամենը պետք է լավ կշռադատել և հանուն քաղաքի որոշումներ կայացնել: Ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ